Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։
Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։
Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։
Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։
Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։
Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․
Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։
Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։
Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։
Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։
Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։
Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։
Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։
Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։
Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։
— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։
Մարանը վրնջում էր։
— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։
Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։
— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։
Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։
Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։
Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։
— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։
Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։
Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։
Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։
Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։
Մայրս ասում էր հորս․
— Հաջի էֆենդի, կենե տունը եղավ տուն։
Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։
Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։
Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։
Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։
Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։
Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։
Առաջադրանքներ:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Սմբակ – Ձիու կամ նմանատիպ կենդանիների ոտքի ծայրին եղած կոշտացած մասը:
Ֆես – Արաբական կամ արևելյան գլխարկ:
Խրխինջ – Ձիու արձակած ձայն:
Ճեղք – Բացվածք, անցք:
Պրուսա – Պատմական քաղաք՝ ներկայիս Բուրսան Թուրքիայում:
Ողկույզ – Խաղողի կամ նմանատիպ պտուղների փունջ:
Թավուտ – Խիտ, մութ անտառ:
2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:
3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:
«Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա»։
4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:
Ես շատ եմ սիրում կենդանիներին, հատկապես շներին։ Նրանք բարեսիրտ և նվիրված են։ Շները միշտ ընկերություն են անում, լավատեսություն են պարգևում, իսկ նրանց հետ զբոսանքները շատ թարմացնող են։
5. Ընդգծիր համեմատությունները:
«Սև էր, ինչպես սև սաթը»։
«Սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք»։
«Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ»։
«Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը»։
«Մարանն էլ քայլում էր ալիքանման օրորվելով»։
«Մարանը քամու նման թռչում էր»։